Posted in Ընթերցարան

Հ. Թումանյանի բանաստեղծությունները

Ընդհանուր պարապմունք՝ փետրվար, մարտ

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ:

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ՇՈՒՆԸ
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամինէ, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։

— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ԾԱՂԻԿՆԵՐԸ
– Ո՞ւր գնացին ծաղիկները…
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն ծածկոցը կտանի։
«Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», –
Ու երբ նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան։

ՄԱՐՏ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն